Քաղենիի ամրոց կամ Դաշտադեմի բերդ գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում։ Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում՝ Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի։
Դաշտադեմի Բերդ
Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։ Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։
1812 թվականին Երևանի Սարդար Հյուսեին խան հին ամրոցը շրջապատել է կոպտատաշ բազալտից կավե շաղախով շարված բազմանկյուն հատակագծով, անկյուններում ութ աշտարակներով, չափազանց հաստ պարսպապատերով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են)։ Քաղենիի ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի (0,75×1,5 մ)՝ շարված բազալտե սալերից, որն սկիզբ է առնում պարսպի հարավարևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը։
Լուսանկարը՝ Մանչ Ասատրյան և Արթուր Մարտիրոսյան
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն