Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը, մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Արևմտյան Հայաստան (Թուրքիայի հետ պետական սահմանը):
Արագածոտնի Մարզ
Բնական պայմանները և հարստությունները
Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները: Շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին: Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս (մայիս - սեպտեմբեր), ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի: Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Բարձրալեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ: Արագածոտնի մարզի քաղաքները Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն է` Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասաղ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա: Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով: Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը` մեր օրերում:
Մարզային կենտրոն
Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք: Մարզային կենտրոն դառնալուց հետո (1995թ.) կատարում է նաև մարզի ընդարձակ տարածքի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կազմակերպիչ կենտրոնի գործառություն: Քաղաքում մարզային ղեկավար մարմիններից բացի գործում են հայտնի գիտական հաստատություններ, ժամանակակից արդյունաբերական ձեռնարկություններ, կրթական, մշակութային ու առողջապահական հիմնարկներ:Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք` Թալինը և Ապարանը: Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:
Բնակչությունը
Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում: Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:
Լուսանկարը՝ Արթուր Մարտիրոսյանի
Արշավ Արագածոտնի մարզում
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն