.webp)
Զվարթնոց հայկական վաղմիջնադարյան ճարտարապետակ հուշարձան, գտնվում է Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք։ 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0, 63 մ x 2, 7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ։ Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն)։ Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ։ Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչաքար, չեչաքար, փրփրաքար (պեմզա), վանակատ և այլն։
1 Մեկնաբանություն
Արմինե
Ապրիլի 13, 2023Լավ