.webp)
Երիցավանք գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում Արծվանիկ գյուղից արևելք, բարձր սարահարթի վրա։ Ըստ XIII-XIV դդ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, վանքը հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը V դ.: Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, մատուռից, որոնք այժմ կիսավեր վիճակում են: Վանքի Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին միանավ, թաղածածկ դահլիճ է՝ հյուսիսային և հարավային ճակատներին երեք բաց կամարաշարերով: Ունի 20 մ երկարություն և 7 մ լայնություն: Կառուցված է կիսամշակ բազալտե քարերով: Վանքը հետագայում, պաշտպանական նպատակներով, շրջափակվել է կրկնակի պարսպապատերով, որոնցից պահպանվել է միայն արևելյան պարսպապատի մի հատվածը: Մատուռի ավերակները գտնվում են համալիրի հյուսիսային կողմում: Վանքի հյուսիսարևմտյան կողմում կա քարայրների համալիր, որոնցից մեկում, ըստ ավանդության, ճգնել է Հայր Երիցակը:
Թողնել մեկնաբանություն