Վայոց ձորի մարզ

Մարզկենտրոնը` Եղեգնաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.
Տարածաշրջանները` Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 3 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 41 համայնք
Ընդհանուր տարածքը` 2,308 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)` 55,8 հզ

Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:

Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ`   մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):

Վայոց ձորի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է`   ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է + 41օ C-ի, իսկ բացարձակ նվազագույնը`   -35օ C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, որի արտադրանքը կազմել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 63%-ը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև թռչնաբուծությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի`   «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները: Մարզում ակնհայտ են ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները:

Մարզի բնակչությունը

Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:

Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը:

Քաղաքները

Մարզի երեք քաղաքներն էլ`   Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը`   Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:

Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ: