Տեղերի վանք գտնվում է Բյուրականից հյուսիս, Տեղեր գյուղում, անդնդախոր կիրճի աջափնյա եզրին: Ըստ գավթի արևմտյան մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրության`վանքը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը` Մամախաթունը, 1213-1232 թթ: Վանքի ճարտարապետն է Աղբայրիկ վարդպետը: Հուշարձանը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից է: Բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց և գավթից:
Տեղերի Վանք
Ս. Աստվածածին եկեղեցի - ըստ գմբեթի թմբուկի հարավայի նկողի վրա պահպանված արձանագրության կառուցվել է 1213 թ.: Պատկանում է գմբեթավոր սրահատիպ եկեղեցիների տիպին: Ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք: Եկեղեցին առանձնանում է ճարտարապետական զուսպ ոճով:
Գավիթ - կից է եկեղեցուն արևմտյան կողմից: Ըստ գավթի հարավարևելյան սյան խոյակի վրա պահպանված արձանագրության` կառուցել է Աղբայրիկ ճարտարապետը 1221 թ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին: Գավիթն ուշագրավ է իր ծավալատարածական հորինվածքով և առանձնահատուկ տեղ է գրավում նույնատիպ գավիթների շարքում: Գավթի հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյունների տանիքի վրա տեղադրված են մատուռանման երկու փոքր եկեղեցիներ, որոնք արտաքուստ ուղղանկյուն, արևելյան կողմից փոքր խորանով կենտրոնագմբեթ կառույցներ են: Մատուռների մուտքը դեպի գավիթ տանիքից են: Աղբայրիկ ճարտարապետի այս ինքնատիպ լուծումը կառույցին տալիս է վեհ ու սլացիկ կերպարանք:
Լուսանկար։ Արթուր Մարտիրոսյան
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն