.webp)
Թալինի Կաթողիկե եկեղեցի կամ Թալինի մեծ տաճար, գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։ Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության, Կաթողիկեն թվագրվում է VII դ.: Եռանավ, գմբեթավոր, արևմուտքից արևելք ձգված, խաչաձև հատակագծով, եռախորան բազիլիկ կառույց է: Խորանները արտաքուստ հնգանիստ են: Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերում կառուցված են ավանդատներ, որոնց վերին հարկերը ծառայել են որպես գաղտնարաններ: Աղոթասրահը երկու շարք մույթերի և որմնամույթերի միջոցով բաժանված է կենտրոնական՝ բարձր ու լայն նավի և երկու կողային թաղածածկ նավերի: Անցումը գմբեթատակ քառակուսուց դեպի թմբուկը իրականացված է չորս առագաստների, իսկ թմբուկից դեպի գմբեթը՝ փոքր տրոմպների միջոցով: Ունի հինգ մուտք՝ մեկը արևմուտքից, երկուական՝ հյուսիսից և հարավից: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարով: Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով, արևմտյան ճակատի ինքնատիպ լուծումով: Տաճարի ներսում պահպանվել են որմնանկարչության մնացորդներ, որոնց պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը:
Թողնել մեկնաբանություն