
Սյունիքի լեռնաշղթա կամ Սյունիքի բարձրավանդակ (կոչվել է նաև Արևելյան Ղարաբաղի բարձրավանդակ, Ղարաբաղի բարձրավանդակ անուններով), լեռնային ընդարձակ տարածք Հայկական լեռնաշխարհում՝ Զանգեզուրի ու Արցախի լեռնաշղթաների միջև։ Իրենից ներկայացնում է բլրաթմբային սարահարթ է, որի միջին բարձրությունը՝ 2800-3200 մ, առավելագույնը՝ 3594 մ (Թրասար)։ Կազմված է կավճի ու պալեոգենի հրաբխածին-նստվածքային ապարներից, որոնք ծածկված են անթրոպոգենի լավաների հզոր շերտով։ Սյունիքի բարձրավանդակը տարածվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ մինչև 50 կմ (հյուսիսում)։ Մակերևույթին բնորոշ են բազմաթիվ հրաբխային կոները, կենտրոնական մասում են Ծղուկ (3581 մ) և Մեծ Իշխանասար (3550 մ) հրաբխային զանգվածները։ Շատ են քարացրոնները, կան հնագույն սառցապատման հետքեր, փոքր ու փակ գոգավորություններ։ Վերջիններից շատերը վերածվել են լճերի՝ Մեծ Փորակ, Փոքր Փորակ, Ալ, Սև և այլն։
Թողնել մեկնաբանություն