Շուշիի շրջան

Շուշիի շրջան Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Շուշիի շրջանի մակերեսը կազմում է 381 կմ², բնակչությունը՝ 4.324 մարդ (2005 թ.)։ Շրջկենտրոնը Շուշի քաղաքն է՝ 1918-1920 թթ. Արցախի ինքնահռչակ պետության մայրաքաղաքը։ Մակերևույթն ամբողջապես լեռնային է և ծածկված անտառներով և թփուտներով։ Նրա հարավային՝ Հադրութի շրջանին սահմանակից հատվածում վեր է խոյանում Քիրս լեռը, որի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Քիրսը, ունի 2748 մ բարձրություն։ Շրջանի տարածքով են անցնում Կարկառ գետի արևելյան վտակը՝ Շուշինկան և արևմտյան վտակ Ղայբալին։ Շրջանի գեղատեսիլ վայրերից է Հունոտի կիրճը։

Շրջանը հյուսիսից և արևելքից սահմանակցում է Խաչենին, հարավ-արևելքից Վարանդային, իսկ արևմուտքից՝ Քաշաթաղին։ 2009 թվականի տվյալներով Շուշիի շրջանում կա 8 գյուղական բնակավայր, որոնք միավորված են 6 համայնքներում և մեկ քաղաքային համայնք՝ Շուշի քաղաքը։