.webp)
Շամբի ջրամբար գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Որոտան գետի վրա՝ Շամբ գյուղի մոտակայքում՝ մոտ 1350 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1970 թ.-ին։ Ընդունում է Շամբի ջրէկից դուրս եկած ջրերը և Որոտան գետի հոսքը, որով կարգավորվում են Տաթևի ջրէկ մտնող ջրի ելքերը, և կուտակված ջրի մի մասն օգտագործվում է ոռոգման նպատակով։ Մակերեսը 1,26 կմ2 է, ջրատարողությունը՝ 13,6 միլիոն մ3, օգտակարը՝ 11,8 միլիոն մ3։ Պատվարը քարակոպիճային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը 107 մ է, առավելագույն բարձրությունը՝ 47 մ։ Ջուրը բաց է թողնվում ձախ ափում կառուցված աշտարակային ջրընդունիչի (ջրթողքը՝ 25 մ3/վ) և ոչ ճնշումային թունելի միջոցով։ Աղետային ջրերը հեռացվում են «Մարգարիտկա» տիպի հորանային ջրթողի (216 մ3/վ) և 6 թունելային անցքերի (100 մ3/վ) միջոցով։ Լճում բուծում են իշխան, կարմրախայտ և այլ ձկնատեսակներ։
Թողնել մեկնաբանություն