Շահումյանի շրջան

Շահումյանի շրջանը Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է, որն ընդգրկում է երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան մասը։ Արցախի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանմամբ Շահումյանի շրջանը ընդգրկում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող «Վայկունիքի շրջանը»։ Այսպիսով, Շահումյանի շրջանը փաստացի կազմում է Վայկունիքը, որի մակերեսը 1.830 կմ² է, բնակչությունը՝ 2.560 մարդ (2005 թ.)։

Ներկայումս շրջկենտրոնն է Քարվաճառ քաղաքը։ Շրջանի կարևոր բնակավայրերից են Ակնաբերդը, Նոր Գետաշենը, Եղեգնուտը։ Կարևոր պատմական բնակավայրերից են Ջերմաջուրը և իշխանանիստ Ծարը։ Վայկունիքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, այստեղ են գտնվում նշանավոր Դադիվանքը, Հանդաբերդը, Լևոնաբերդը և այլն։