Սանահին Վանական Համալիր
Համալիրը հիմնվել է 966 թ., հայոց թագավոր Աշոտ Գ. Ողորմածի աջակցությամբ: Դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնն ու տոհմական դամաբարանը, ինչպես նաև թագավորության հոգևոր առաջնորդանիստը: Եղել է միջնադարյան հոգևոր ու գիտակրթական խոշոր կենտրոն: Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո («սա քան զնա հին» իմաստով): Վանքը հայ միջնադարյան ճարտարապետության աչքի ընկնող կառույցներից է և նշանակալից դեր է կատարել հայ հոգևոր ու մշակութային կյանքում: Համալիրը բաղկացած է 10-12-րդ դարերում վերակառուցված պաշտամունքային և քաղաքացիական շինություններից՝ երեք եկեղեցիներից, գրատուն-մատենադարանից, գավթից, նախագավթից, զանգակատնից, դամբարաններից, հոգևոր դպրոցի և գրատան սրահներից: Հուշարձանախմբից դուրս գտնվում են վանքի աղբյուրը, մատուռներ, խաչքարեր և գեղաքանդակ խաչքարերով մի շարք փոքր եկեղեցիներ, որոնք սփռված են թաղամասի տարածքում ու նրանից դուրս, ինչպես նաև` Սանահինի հանրահայտ կամուրջը:
Թողնել մեկնաբանություն