.webp)
Սուրբ Շողակաթ եկեղեցի գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի արևելյան ծայրամասում` Ս. Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ: Էջմիածնի Մայր տաճարի, Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե եկեղեցիների հետ միասին ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Կառուցվել է Նահապետ կաթողիկոսի օրոք՝ Աղամալ Շոթոռեցի իշխանի տրամադրած միջոցներով (1694 թ.): Եկեղեցին, չնայած համեմատաբար փոքր չափերին, հատակագծային և տարածական ձևերի լուծման որոշ գծերով նման է Ս. Գայանե և Ս. Հռիփսիմե եկեղեցիներին, իսկ ընդհանուր լուծումներով վերարտադրում է վաղ միջնադարյան «գմբեթավոր դահլիճ» կոչվող եկեղեցիների տիպը, որոնց լավագույն օրինակներից են Պտղնու և Արուճի տաճարները: Եկեղեցու արևմտյան կողմում տեղավորված է գավիթ-նախասրահը (1694 թ.): Ըստ մասնագետների գոյություն է ունեցել ևս մեկ գավիթ, որը փլվել է 1807 թ.: Աղոթասրահը երկարավուն դահլիճ է (7,1 x 14,2 մ), որի արևելյան կողմում է գտնվում կիսաբոլորակ ավագ խորանը, իսկ աջ և ձախ կողմերում` նեղլիկ ավանդատները: Գլխավոր մուտքը գավիթ-նախասրահից է (այստեղ են ննջում ամենայն հայոց կաթողիկոսներ` Նահապետ Ա Եդեսացին (եկեղեցու հիմնադիր), Աբրահամ Գ Կրետացին), իսկ մյուս մուտքը, որը հարավային կողմից բացվում է աղոթասրահի մեջ, պարզ է ու անշուք:
Թողնել մեկնաբանություն