Ուշիի Սուրբ Սարգիս վանք - այն հայկական խոշոր վանքային համալիր է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուշի գյուղում։ Միջնադարում եղել է հոգևոր կրթության կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընդգրկված է Ուշիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Սուրբ Սարգսի վանական համալիրը, որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում Ուշի գյուղից 1 կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մովսես Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ս. Սարգսի աճյունը բերել է նախ Կարբի, ապա Ուշի և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ Հնագույնը Ս. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն։ Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով։ XII դ. վերջին - XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմտ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն)։ Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը։
Սուրբ Սարգիս վանք Ուշի
Ս. Աստվածածին եկեղեցի: Այն վանական համալիրի գլխավոր, կաթողիկե եկեղեցին է: Ինչպես նշել ենք, այն կառուցվել XIII դարում Վաչե Վաչուտյանի կողմից, Ս. Սարգիս եկեղեցու հարավային պատին կից: Երբեմնի եկեղեցին եղել է ուղղանկյուն հիմքով, ունեցել է գմբեթավոր սրահ: Գմբեթը գմբեթատակ քառակուսով հենված է եղել աղոթասրահի արևմտյան կողմից զույգ և ավագ խորանի երկու կողմերից վեր խոյացող որմնամույթերի վրա: Այն դրսից և ներսից աչքի է ընկել իր եղել ճոխ հարադարանքներով, ինչպես նաև բազմաթիվ արձանագրություններով: Այդ շքեղությունը վերաբերվել է նաև արևմտյան և հարավային շքամուտքերին: Իսկ ավագ խորանն առանձնացել է իր որմնանկարներով: Խորանի երկու կողմերում կառուցված են եղել կրկնահարկ ավանդատներ:
Գավիթը կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցու հարավային պատին կից 1264 թ.` համաձայն արևմտյան շքամուտքի բարավորի արձանագրության: Այն ուղղանկյուն հիմքով, չորս մույթերի և ութ որմնամույթերի կամարների խաչաձև փոխանցումով կառույց է: Մուտքերը երկուսն են՝ արևմտյան և արևելյան: Հատկանշական է գավթի հարավային պատի կանգուն մնացած, մույթով երկու մասի բաժանված լուսամուտը:
Զանգակատուն: Պահպանվել են հիմնապատերը և շքամուտքի որոշ քարեր: Կառուցվել է 1311 թ. Ս. Աստվածածին եկեղցու և գավթի արևմտյան պատին կից:
Հուշարձան-համալիրի հիշարժան այլ կառույցներ են նաև Ոսկան վարդապետ Երևանցու կողմից XVII-XVIII դարերում կառուցված տնտեսական, բնակելի ու օժանդակ շինությունները, այդ թվում հյուրատունը, որը կառուցվել է 1654-1662 թթ., ինչպես նաև համալիրը բոլորող աշտարակներով առանձնացող պարիսպը:
1827 թ. կործանարար երկրաշարժից հետո հուշարձան-համալիրը մատնվեց անուշադրության և տարիների ընթացքում այն ծածկվեց մի քանի մետր հաստությամբ հողաշերտով: Միայն 1999-2001 թթ. իրականացված ընդգրկուն պեղումների շնորհիվ հնարավոր եղավ վանական համալիրը ազատել այդ հողաշերտից, և 2004 թ. վերականգվեց V դարի Ս. Սարգիս եկեղեցին: Ելնելով հետագա աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունից` 2007-ից իրականացվում են վերականգնման ձեռնարկումներ:
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն