.webp)
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արենի գյուղի հարևանությամբ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա։ Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն է Մոմիկը։ Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցի է, ունի կենտրոնագմբեթ հորինվածք։ Խորանն ունի ինքնատիպ հորինվածքի զույգ խաչաձև լուսամուտներ, արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Եկեղեցու ներսում քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ։ Եկեղեցու գմբեթը քանդվել էր 1840 թվականի երկրաշարժից։ 1967–1972 թվականին կատարվել են եկեղեցու պատերի և ծածկի նորոգման աշխատանքներ։ 1998 թվականին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ եկեղեցու գմբեթը վերականգնել է իր նախնական տեսքը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով։
Թողնել մեկնաբանություն