Հաղթահարելով լեռան գագաթը՝ մենք հաղթահարում ենք ինքներս մեզ Հատիս Տուրը 40 տարեկան է
Լեռնագնացության մասին պատմում է ընկերության տնօրեն Արթուր Մարտիրոսյանը
Հաղթահարելով լեռան գագաթը՝ մենք հաղթահարում ենք ինքներս մեզ Հատիս Տուրը 40 տարեկան է
Լեռնագնացության մասին պատմում է ընկերության տնօրեն Արթուր Մարտիրոսյանը
Բացահայտիր ներսումդ թաքնված «ես»-ին
Լեռները մարդկանց, քո կարողությունները բացահայտելու, ինքնաճանաչողության լավագույն տարբերակներից է, միջոց՝ հասկանալու համար, թե ինչի ես ընդունակ։ Քայլելով քո ֆիզիկական կարողությունների սահմանում և դրանցից առավել, փորձելով գերազանցել քո առավելագույնը՝ բացահայտում ես ներսումդ թաքնված «ես»-ին։ Լեռան գագաթը հաղթահարելով՝ մենք հաղթահարում ենք ինքներս մեզ։
Ամեն ինչ սկսվում է մանկությունից
Հայրենիքն ինձ համար սկսվում է լեռներից։ Լեռների հանդեպ սերն իմ մեջ արթնացրել է հայրս՝ ալպինիզմի լեգենդ, ՀՀ սպորտի վարպետ Մարտին Թաթոսիչը, ով 1981 թ․-ի մարտի 2-ին հիմնադրեց «Հատիս տուրը»։ Շատերի համար կարող է տարօրինակ թվալ, բայց արդեն 30 տարի ես քայլում եմ լեռներում։ Առաջին անգամ արշավել եմ 2 տարեկանում, Արա լեռ (բարձրությունը՝ 2575 մետր), փոքր տարիքից շփվել լեռնագնացների հետ, ովքեր ինձ սովորեցրել են, որ նպատակներին հասնելու վճռականությունը շատ ավելին պետք է լինի, քան ցանկացած դժվարություն:
Լավագույնը դեռ առջևում է
Առաջին անգամ արշավային խումբ ուղեկցել եմ 14 տարեկանում, ուղղությունը՝ Արագածի հարավային գագաթ, որն էլ դարձավ իմ աշխատանքի, բիզնեսի առաջին քայլը։ Ինձ համար, լեռնագնացությունը, բիզնես լինելուց զատ, բնության հետ կապն ապահովող միջոց է ։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ ներկայիս պայմաններում ներգնա տուրիզմը խոցելի ոլորտներից է։ Այս պահին մեզ մնում է ուրիշների հետ կիսել այն հանգստությունն ու ազատությունը, որը մենք զգում ենք լեռներում։ Իսկ լավագույնը դեռ առջևում է։
Ամենակարևորը՝ բացառիկություն
Լեռնագնացությամբ հետաքրքրված այցելուների համար ամենակարևորը բացառիկությունն է: Հաճախորդները փնտրում են հանգստություն և որոշ չափով նաև մարդկային ամբոխից, աշխատանքային եռուզեռից կտրվելու հնարավորություն: Մեզ համար կարևորը մարդկանց այդ հնարավորությունն ընձեռելն է։ Մեր աշխատանքում չկա ավելի հաճելի պահ, քան տեսնել երկար ու դժվար վերելքից հետո գագաթ հասած, դժվարություններ հաղթահարած, ժպտացող դեմքեր:
Ռիսկերի գահատում դրանց չեզոքացման կամ նվազեցման համար
Բնությունը դինամիկ է և անկանխատեսելի: Ինչպես առօրյա կյանքում, լեռներում նույնպես կա ռիսկ։ Առօրյայում ռիսկը չեզոքացնելու համար մենք ամրացնում ենք ամրագոտիներ, կրում ենք հեծանվային սաղավարտներ։ Արշավների ժամանակ ռիսկերը գնահատելու ունակություններ ունենալը թույլ է տալիս խուսափելու դրանցից, անվտանգ լուծել դրանք կամ նվազագույնի հասցնել ռիսկի ազդեցությունը: Կարևոր է, որ առաջնորդը լինի գիտակից, ունենա պատասխանատվություն և հաշվետու լինի իր գործողությունների համար, որոնք կարող են հետևանքներ ունենալ թիմի, արշավի մասնակիցների կյանքի, առողջության, ինչպես նաև բնության վրա։ Լավ ուղեկցորդը պետք է կարողանա կանխատեսել իրավիճակը, հաշվարկել ռիսկերը, ունենա արշավելու փորձ։
Լեռներում ևս անհրաժեշտ են մասնագիտական փորձ ու գիտելիքներ
Լեռներում միշտ վտանգ կա, նույնիսկ եթե ամեն ինչ լավ է թվում, երթուղին հեշտ է, արևը փայլում է: Ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակնթարթում: Քայլում եք թիմով, մի փոքր հանգստանում եք, և հանկարծ եղանակը, տեսանելիությունը սկսում է վատանալ կամ ինչ-որ մեկի մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են առաջանում: Հինգ րոպե առաջ ամեն ինչ հիանալի էր, իսկ հետո․․․: Մարդկանց կյանքի և առողջության համար ամբողջ պատասխանատվությունը դրված է ուղեկցորդի վրա: Ահա թե ինչու եմ ասում, որ ուղեկցորդը փորձի կարիք ունի: Ցավոք ոչ բոլորն են հասկանում դա: Արշավականները մի քանի վերելք են կատարում լեռներ և հավաստիացնում, որ կարող են մարդկանց լեռներ ուղեկցել: Այսպիսով, նախքան ձեր կյանքը արշավախմբերից մեկին վստահելը՝ տեղեկություններ հավաքեք նրանց մասնագիտական փորձի, գիտելիքների մասին։
Ազատություն, մաքրություն ու հանգստություն
Լեռներում ծնվում է քո ու կենդանի բնության կապը։ Լեռները կատարյալ վայր են ամենօրյա կյանքից փախչելու համար։ Լեռներում դու հեռու ես ամեն ինչից, դու վայելում ես բացառիկն ու եզակին, ազատությունը, մաքրությունն ու հանգստությունը։ Ահա այս ամենն է ստիպում մարդկանց արշավի օրերին առավոտյան արթնանալ շուտ, հագնել արշավային հագուստները և գնալ «տանջանքի» հետևից։
Կյանքում գեղեցկությունը պարզության մեջ է
Երբ առավոտյան արթնանում ես լեռան լանջին, մի բաժակ սուրճով վայելում ես լուսաբացը, լեռան վրա գտնվելու յուրաքանչյուր պահը, սկսում ես քայլել բնության մեջ․․․ Լեռնային ուղեկցորդի աշխատանքի մեջ գլխավորն այն է, որ կարողանանք նման պահերը հասանելի դարձնել ուրիշներին, կարողանանք սովորեցնել, որ այս կյանքում գեղեցկությունը պարզության մեջ է, անհրաժեշտ է ուղղակի ցանկություն, որ մեր երկիրը՝ Հայաստանը, իր գեղեցկությամբ բնավ չի զիջում աշխարհի շատ երկրներին։
Երջանկությունը լեռան գագաթ հասնելու ճանապարհին է
Ամենամեծ թյուրըմբռնումն այն է, որ լեռներ բարձրանալու համար անհրաժեշտ է ֆիզիկական պատրաստվածություն, հատուկ կարողություններ և այլն։ Ես կասեմ՝ «ոչ»։ Լեռներ բարձրանալու համար անհրաժեշտ է կամքի ուժ և ցանկություն։ Դուրս եկե՛ք ձեր հարմարավետության գոտուց։ Դուք կապրեք շատ վերելքներ, ինչու չէ՝ նաև վայրէջքներ․ կարևորը երբեք չկորցնեք ձեր ուժերի հանդեպ վստահությունը։ Դուք կարո՛ղ եք։ Համբերատար եղեք ինքներդ ձեր հանդեպ: Նվաճելն առաջընթաց է, որը հնարավոր չէ սովորել մեկ գիշերվա ընթացքում: Համբերատար եղեք և ինքներդ ձեզ ժամանակ տվեք կատարելագործելու ձեր հմտությունները: Հաղթահարեք ինքներդ ձեզ և հիշեք․ պետք չէ երջանկություն փնտրել լեռան գագաթում, երջանկությունը լեռան գագաթ հասնելու ճանապարհին է։
Սիրե՛ք բնությունը և միմյանց
Լեռներն ինձ սովորեցրել են, որ կյանքում շատ ավելի կարևոր է ազնվությունը, պարզությունը, հաշվենկատությունը, իսկ աշխատանքում՝ մաքրությունը, սովորեցրել են գնահատել մարդու բարոյական արժեքները՝ ունեցվածքի կամ պաշտոնի փոխարեն: Սիրե՛ք բնությունը և միմյանց, լեռներ գնացեք․ դա ուրիշ աշխարհ է, գիտակցության ուրիշ մակարդակ և, ի վերջո, մի՛ մոռացեք մարդ լինել։
Նյութը պատրաստեց Նունե Մաթևոսյան -ը
Статья является собственностью hatis.am ее запрещено публиковать без письменного разрешения. Частичная или полная публикация статьи может быть осуществлена только путем упоминания источника статьи или путем активной ссылки на сайт.
Оставить комментарий