
Հին Խոտ գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, ներկայիս գյուղի կողքին՝ առավել ցածրադիր վայրում։ Հին Խոտը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից էր։ Այն տեղակայված է Որոտանի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ Գյուղատեղին առաջին անգամ հիշատակվել է V դարում, երբ Սյունյաց Բաբիկ իշխանը պարսիկ զորավար Գորին՝ ի նշան քրիստոնեության ընդունման, նվիրում է Խոտ ավանը: Սյունյաց եպիսկոպոս Սողոմոնի 881 թվականին գրած վկայագրում ասվում է. … «Իմացա, որ առաջներում Տեր Գևորգը Խոտի կալվածք-կոռավայրը հոգեբաժին էր արել սուրբ Նշանին, բայց ինչ-ինչ հանգամանքներով այն հափշտակել էին: Երբ հաջորդելով գահակալեցի այս սուրբ աթոռին, այդ կալվածքը վերադարձրի եկեղեցուն»: Վկայագրում նշված է «Խոտի կալվածք-կոռավայր», ինչից պարզ է դառնում, որ գյուղացիները, կցված լինելով վանքապատկան կալվածքներին, կատարել են հարկային պարտավորություններ և ստացած եկամուտները տրամադրել վանքին: Այս վկայագիրը առաջին հիշատակությունն է կոռի` որպես կիրառվող հարկային պարտավորության ձևի: Վավերագրում հիշատակվող վկաների թվում նշվում է Վասակի որդու` Խոտի տեր Գրիգորի, անունը: Գյուղը հիշատակվել է նաև Տաթևի վանքի նավակատիքի ժամանակ (906 թ.), երբ հստակեցվում էին վանքի սահմանները: Չնայած Խոտը Տաթևի վանքին նվիրաբերված գյուղերից էր, սակայն պատմական տարբեր ժամանակաշրջաններում այդ իրավունքը պարբերաբար խախտվել է, որի մասին վկայում է նաև Ստ. Օրբելյանը` նշելով, որ 1006թ. Խաղբակի որդի Դլեն իշխանը իր հայրենի տիրույթներից Տաթևի եպիսկոպոս Տեր Հովհաննեսին և սուրբ Նշանին է նվիրել գյուղը ու Խոտագետի մեծ այգին: Սեփականության իրավունքի խախտման և վերստին նախկին կարգավիճակի վերականգման փաստին է առնչվում XIII դարի հիշատակությունը, համաձայն որի Տարսայիճ Օրբելյանը Տաթևի վանքին է վերադարձնում իր տիրույթների մեջ մտնող վեց գյուղ, որոնց թվում էր նաև Խոտը: Նա այդ մասին արձանագրություն է թողել Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային սյան վրա, որտեղ Խոտը անվանում է ավան և որ վերադարձնում է այն իր սահմաններով, լեռներով ու դաշտերով, Խոտագետի շրջակայքում իր իսկ տնկած այգիներով:
Թողնել մեկնաբանություն