Արագած լեռ

Արագած լեռը հրաբխային քառագագաթ լեռ է Հայաստանի կենտրոնական հատվածում։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում)։

Արագած լեռան գագաթները ըստ բարձրության

1․ Հյուսիսային գագաթ 4090․1 մ

  • Aragats North Peak / Արագած հյուսիսային գագաթ

2․ Արևմտյան գագաթ 3995․3 մ

  • Aragats Western peak / Արագած արևմտյան գագաթ

3․ Արևելյան գագաթ 3908․2 մ

  • Aragats Eastern peak / Արագած Արևելյան գագաթ

4․Հարավային գագաթ 3887․8 մ

  • Aragats South peak / Արագած Հարավային գագաթ

Բազմաթիվ վերելքներից մեկը՝ դեպի հյուսիսային գագաթ

Արագած լեռան հսկա խառնարանը

  • Aragnat Mountain Crater / Արագած լեռան խառնարանը

Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավարևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2 մ և հարավայինը՝ 3887,8 մ։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։