Մարտակերտի շրջան

Մարտակերտի շրջանը Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է ։ Շրջանի մակերեսը կազմում է 1.795 կմ², բնակչությունը՝ 18.963 մարդ (2005 թ.)։ Շրջկենտրոնը համանուն Մարտակերտ քաղաքն է։ Շրջանը հյուսիսից սահմանակցում է Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Քարավաճառի ենթաշրջանին, հարավից՝ Ասկերանի շրջանին, հարավ-արևելքում՝ Աղդամի, արևելքում՝ Բարդայի շրջաններին։ Ունի 43 համայնք, 46 բնակավայր, որոնցից 5-ը ժամանակավորապես են հակառակորդի վերահսկողության տակ։ Մարտակերտի շրջանի տարածքը զբաղեցնում է Խաչեն և Քոլատակ գետերի ավազաններից դեպի հյուսիս ընկած ամբողջ հատվածը և պատմական Արցախ աշխարհի Ջրաբերդ գավառի հիմնական և Խաչեն ու Գյուլիստան գավառների զգալի մասը։

Կլիմա
Կլիման չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 10,7 °C է, հունվարին օդի միջին ջերմաստիճանը՝ 0–1 °C, հուլիսին՝ 21,4 °C։ Ցածրադիր վայրերում բացարձակ նվազագույն ջերմաստիճանն իջնում է մինչև –16 °C, միջին լեռնայինում՝ –20 °C, բարձլեռնայինում՝ –23 °C։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը ցածրադիր և նախալեռնային վայրերում 40 °C է, լեռնայինում՝ մինչև 35 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 410-480 մմ է։