
Մակարավանք գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք։ X-XIII դդ. դարերի հայկական այս վանական համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավիթից և 2-րդ հնագույն եկեղեցուց: Ըստ գլխավոր եկեղեցուց հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205 թ-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի` կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հյուսիսարևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան)։ Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով (հյուսիսային պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով), գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով։ Արևմտյան ճակատը ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է։ Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը։ Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ` ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Եկեղեցու լուսավոր և ընդարձակ դահլիճում, խիստ տպավորիչ է ինքնատիպ լուծումով խորանի հարդարանքը։ Խորանի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով` միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով։ Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով: Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և բուսական զարդամոտիվներով հյուսկեն քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն: Առկա է նաև գավթի կառուցող Վաչե Ա. Վաչուտյանի զինանշանը` զույգ արծիվների պատկերով։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով ուշագրավ են միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը` «Երիտասարդ»։
Թողնել մեկնաբանություն