Լոռու մարզ

Մարզկենտրոնը` Վանաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12 
Տարածաշրջանները` Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 8 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 105 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 122 բնակավայր
Ընդհանուր տարածքը` 3,789 կմ²
Ամենաբարձր կետը` Թեժ լեռ (3107 մ)
Ամենացածր կետը` 308 մ
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)` 392,300 մարդ
Բնակչության խտությունը` 103.5/կմ²
Փոստային ինդեքսը` 1701-2117

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7%-ը)։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։

Բնական ռեսուրսները և հարստությունները

Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:

Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Գրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի`   Ռուսաստանին միացած շրջաններ:

Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է`   Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:

Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:

Մարզի բնակչությունը

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:

Քաղաքները

Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:

Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:

Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`   «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:

1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:

Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը: