Լոռու մարզ - Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7%-ը)։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։
Լոռու Մարզ
Բնական ռեսուրսները և հարստությունները
Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը: Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Գրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի` Ռուսաստանին միացած շրջաններ: Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է` Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով: Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:
Մարզի բնակչությունը
Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:
Քաղաքները
Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է: Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան: Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը` «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն: 1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է: Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:
Լուսանկարը՝ Արթուր Մարտիրոսյանի
Արշավ Լոռու մարզում
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն