Լմբատավանք կամ Լմբատավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի, գտնվում է Հայաստանի Շիրակի Մարզում Արթիկ քաղաքից 1,5-2 կմ հարավ-արևմուտք, բարձունքի լանջին: VI-VII դդ. խաչաձև գմբեթավոր կառույց է: Ճարտարապետական առանձնահատկություններն են թաղի փոխարեն գմբեթարդով ծածկված հյուսիսային և հարավային ուղղանկյուն թևերը, պայտաձև խորանն ու կամարները: Ծավալային առումով վերասլաց համաչափություններով ճարտարապետական գողտրիկ շինություն է: Կառուցված է արթիկ-տուֆի սրբատաշ մեծադիր քարերով: Պատերին կան XII–XIII դդ. Նվիրատվական բովանդակությամբ արձանագրություններ. Հիշատակվում են Լմբատավանքին նվիրաբերած Ցիցք, Սառնաղբյուր (սրա անունով վանքը կոչվում է նաև Սառնաղբյուրի Ս. Ստեփանոս), Հայրենյայց Թաղք, Յարդիք (ներկայիս Արթիկ քաղաքը) գյուղերը: Ամենավաղ արձանագրությունը Վահրամ Պահլավունի իշխանի որդի Բարսեղի թողած 1191 թ. արձանագրությունն է: Պահպանվել են Լմբատավանքի կառուցմանը ժամանակակից որմնանկարների մնացորդներ Ավագ խորանի գմբեթարդի և դրան հարող արևելյան պատի վրա: Պատկերված է գլխավորապես Եզեկիել մարգարեի տեսիլքի հիման վրա ստեղծված «Աստվածահայտնության» տեսարանը: Պատկերագրման ոճով հայկական մոնումենտալ գեղանկարչության ինքնատիպ նմուշներից է: 1953-1954 թթ. պեղվել է Լմբատավանքի շրջակայքը: Հայտնաբերվել են խաչքարերի պատվանդաններ, IX-X դդ. գերեզմաններ, VII-XIII դդ. Քանդակազարդ բեկորներ, կղմինդրներ, մետաղյագործիքներ և այլ առարկաներ:
Լմբատավանք
Լուսանկար։ Cosmo Deus
!
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն