Կոտայքի մարզ

Մարզկենտրոնը` Հրազդան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Կոտայքի շրջան, Հրազդանի շրջան, Նաիրիի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 7 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 60 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 62 բնակավայր
Ընդհանուր տարածքը` 2,089 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)` 328,900
Բնակչության խտությունը` 157.4/կմ² 
Փոստային ինդեքսը` 2201-2506

Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: ՀՀ-ում այն միակ մարզն է, որն արտաքին սահման չունի հարևան երկրներից որևէ մեկի հետ: Կոտայքի մարզը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ, զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ գավառները:

Բնական պայմանները և հարստությունները

Կոտայքի մարզը աչքի է ընկնում բնական պայմանների ու հարստությունների մեծ բազմազանությամբ: Այստեղ համեմատաբար սահմանափակ տարածության վրա հանդիպում են և´ բարձրաբերձ լեռնագագաթներ ու խոր կիրճեր, և´ լայնարձակ գետահովիտներ ու մեղմաթեք սարավանդներ: Գեղամա լեռները կազմող հրաբխային ապարների մեջ ներծծվող ջրերը աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև`   Հրազդան և Ազատ գետերի կիրճերում: Հռչակված են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրերը հատուկ խողովակներով հասցվում են նաև քաղաքամայր Երևանի բնակչությանը: Հրազդան և Ազատ գետերի կիրճերի առանձին հատվածներ բնական հիանալի հուշարձաններ են: Տպավորիչ են լավաների մեջ գոյացած բազալտե սյունաձև առանձնացումները`   անձեռակերտ բազմանիստ պրիզմաները:

Բնակչությունը

Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ, բայց ներկայիս վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի ծագումն ու զարգացումը պայմանավորված է ջրաէլեկտրակայնների Սևան-Հրազդան կասկադի և դրա հիման վրա`   նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ:

Քաղաքները

Կոտայքի մարզի քաղաքների շարքում ամենախոշորը Հրազդանն է, մարզային կենտրոնը: Այն կառուցվել է Ներքին Ախտայի և նրա հարևան մի քանի գյուղերի տեղում: Քաղաքի բուռն զարգացմանը մեծ չափով նպաստել է մարզի և ամբողջ հանրապետության տարածքի նկատմամբ նրա ունեցած կենտրոնական դիրքը և տրանսպորտային լավ ապահովվածությունը: Քաղաքը գտնվում է երկրի ճանապարհային ցանցում առանցքային դիրք գրավող Երևան-Սևան ավտոխճուղու վրա և միաժամանակ երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել առաջին հերթին էներգետիկայի, շինանյութերի արդյունաբերության և մեքենաշինության այնպիսի հսկաների շնորհիվ, ինչպիսիք են`   Հրազդանի ջերմաէլեկտրակայնը (հզորագույնն է երկրում), ցեմենտի գործարանը, «Հրազդանմեքենա» գործարանը:

Մարզի երկրորդ քաղաքը Աբովյանն է (նախկին`   Էլար): Այն ստեղծվել է որպես Երևանի արբանյակ քաղաք և Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին դեպի իրեն է ձգել նոր կառուցվող գործարաններ և դրանով իսկ դանդաղեցրել Երևանի անհարկի աճը: Այդ հիմնավորումով այստեղ ստեղծվել են աշխատատար ճշգրիտ մեքենաշինության, հատկապես էլեկտրոնային սարքաշինության հզոր ձեռնարկություններ:Կոտայքի մարզի և ամբողջ հանրապետության տնտեսական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն մյուս քաղաքները ևս: Օրինակ, Չարենցավանը հայտնի է որպես մեքենաշինության, Նոր Հաճնը`   սարքաշինության ու ադամանդների մշակման, Ծաղկաձորը`   առողջարանային կենտրոն:

Կոտայքի մարզում են գտնվում Արզնի և Հանքավան առողջարանները (հանքային աղբյուրների մոտ), Մարմարիկի առողջարանային գոտին`   բազմաթիվ հանգստի ու առողջարանական ճամբարներով: Այստեղ է Ծաղկաձորի մարզական օլիմպիական համալիրը, որտեղ թե´ ձմռանը և թե´ ամռանը հանգստանում և կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից: