.webp)
Գորիս քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևելք, այժմյան Խնձորեսկ գյուղի հյուսիսարևելյան եզրի խոր ձորահովիտներով կտրտված լեռնահովտի աջ ու ձախ լանջերին տարածվում է Հին Խնձորեսկ գյուղը: Ըստ ավանդության` խոր ձորերի մեջ կառուցված լինելու պատճառով, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ` հետագա ձևափոխությամբ դառնալով Խնձորեսկ: Խնձորեսկը ունեցել է 11 պատմական թաղ (մայլա)` Փռթոսի, Ծտի, Թելունց, Չայլուկի, Ներքին, Վերին, Տափլակ և այլն: Սկզբում Խնձորեսկի տների մեծ մասը քարանձավային է եղել, հետագայում կառուցվել են նաև քարաշեն տներ: Անձավային բնակարանները եղել են նաև ինքնատիպ պատսպարաններ: Մի քարայրից բաղկացած ժայռերից բացի կան նաև տարբեր բարձրության վրա փորված քարայրներ ունեցող ժայռեր: 20-30 մ բարձրության վրա եղած քարայր-բնակարաններ (տեղացիներն անվանում են «քրատակներ») բնակիչները բարձրացել են պարաններով: Ժամանակի ընթացքում քարայրների ճակատային մասերում տներ են կառուցվել, որոնք դասավորված են եղել դարավանդաձև` զառիթափ լեռնալանջով դեպի վեր. մեկ տան կտուրը ծառայել է իբրև բակ մյուս տան համար: Այնպես որ հեռվից գյուղը լեռնալանջն ի վեր ձգվող բազմահարկ հսկայական շենքի տպավորություն է թողել: Նշանավոր հուշարձաններից է Խնձորեսկի բերդը: Այն իրենից ներկայացնում է դժվարամատչելի քարայրների մի ամբողջական համալիր: Բերդը 1728-1730թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը:
Թողնել մեկնաբանություն