Կայան բերդ գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, Հաղպատից մոտ 2 կմ արևմուտք, կիրճերով եզերված բարձրադիր հրվանդանի վրա` Հաղպատ գետի և Ժիվանք գետակի միացման վայրում: Հաղպատի Ս. Նշան վանքի ամրոցն է: Կառուցել է Հաղպատի Ս. Նշան վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը (Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների քրոջ որդին) 1233 թ.` վանքի հարստությունը և միաբանությանը արտաքին վտանգներից պաշտպանելու նկատառումներով: Շինարարական արձանագրությունը պահպանվել է ամրոցի ներսում գտնվող Ս. Աստվածածին (Դսեվանք) եկեղեցու արևմտյան ճակատին, ըստ որի` Հովհաննես եպիսկոպոսը ամրոցի հետ միաժամանակ կառուցել է նաև եկեղեցին: XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցին նույնպես հիշատակում է Հովհաննես եպիսկոպոսի կողմից Հաղպատի և Սանահինի միջև բերդի կառուցման մասին: Ուսումնասիրողներից ոմանք այն կարծիքին են, որ Հովհաննես եպիսկոպոսը ոչ թե կառուցել է ամրոց, այլ ավելի վաղ հիմնված բերդը վերակառուցել է: Կայան բերդ (Կայան) է անվանվել ուշ շրջանում և հայտնի է այդ անունով: Երբեմն նույնացրել են Աղստև գետի միջին հոսանքում գտնվող, X-XI դդ. Կյուրիկյանների օրոք հիմնադրված Կայան բերդին և վերջինիս վերաբերող գրավոր տեղեկությունները թյուրիմացաբար վերագրել հաղպատամերձ ամրոցին: Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության ուշագրավ կառույցներից է: Շրջապատված է ավելի քան մեկուկես տասնյակ բուրգ-աշտարակներից կազմված ամուր պարսպապատերով` 120 մ հարավ-հյուսիս ձգվածությամբ: Բաղկացած է երկու հատվածից` հարավային և հյուսիսային: Հարավայինը հյուսիսայինից բաժանված է պարսպապատով: Միմյանց հաղորդակցվում են պարսպի մեջ թողնված կամարակապ դարպասով (ավերված է): Մուտքերը երկուսն են` հարավային և արևմտյան: Գլխավոր մուտքը հարավային կողմում է, որով հրվանդանը կապվում է Հաղպատ գյուղին: Ճանապարհը անցնում է Շերեկի ձորով` Ժիվանք գետակի վրա XIII դ. կառուցված քարակերտ կամրջի վրայով: Ամրոցի ներսում պահպանվել են մեծ թվով շինությունների, ջրավազանների, ջրամատակարարման գծերի մնացորդներ: Ջուրը ամրոց է բերվել Ակներ (հնում`Ոռնակ) գյուղից հարավ գտնվող լեռներից` թրծված կավե խողովակներով: Ամրոցը ավերվել է 1241 թ. մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ: Այժմ կիսավեր է: Մնացել են բոլորաձև աշտարակներից մի քանիսը, կիսաքանդ պարսպապատերը:
Կայան Բերդ
Լուսանկար։ Cosmo Deus
!
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն