
Ջրափի Քարավանատուն գտնվում է Հայաստանի Շիրակի Մարզում, 10-11 դդ. կառույց է և պատկանում է միադահլիճ-եռանավ կամարակապ տիպին: Կառուցված է հիմնովին սև սրբատաշ տուֆաքարերից, կրաշաղախով, իսկ հատակը` քարե սալիկներով: Այն ընդերկայնական առանցքով ուղղված է հյուսիսից հարավ: Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է` 31մ ընդհանուր երկարությամբ և 13.65 մ լայնությամբ: Ըստ երկայնքի` երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով: Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա: Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ Չրփլիի կամուրջի հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է:
Թողնել մեկնաբանություն