
Հրեական գերեզմանատուն գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գյուղի տարածքում, Եղեգիսի գետի ձախ ափին։ Զբաղեցնում է 1550 մ² տարածք։ Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 26 կմ։ Գերեզմանատան տապանաքարերը հայտնաբերվել են 1997-1998 թվականներին։ Դրանք հավաքվել և գերեզմանատան ներկայիս տարածքում տեղադրվել են ՀՀ մշակույթի նախարարության և հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի (այդ ժամանակ) ջանքերով։ Հայտնաբերվել են 64 ամբողջական տապանաքարեր և ավելի մեծ թվով տապանաքարերի բեկորներ։ Ամենահին տապանաքարը թվագրվել է մ.թ. 1266 թվականով, իսկ ամենավերջինը` մ.թ. 1346։ Այսպիսով, տապանաքարերին արված արձանագրությունների տարեթվերը ցույց են տալիս, որ գերեզմանատունը գործել է ավելի քան մեկ դար։ Ըստ Երուսաղեմի փորձագետների դրանք ունեն հարյուրավոր տարիների վաղեմություն, դրանցից որոշներն էլ թվագրվում են 13-րդ դարին։
Թողնել մեկնաբանություն