Իջևանի լեռնաշղթա

Իջևանի լեռնաշղթա կամ Կայենի լեռնաշղթա, Գուգարաց լեռների հարավարևելյան լեռնաբազուկը Հայաստանում, նախկին Իջևանի շրջանում։ Երկարությունը 26 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2507 մ (Հովք լեռ)։ Տեկտոնական խախտումներով բարդացած հորստաձև բարձրացում է՝ կազմված էոցենի, կավճի և յուրայի ապարներից։ Կատարային մասը հարթ է, լեռնագագաթները սեղանաձև են, լանջերը՝ զառիթափ ու մասնատված։ Տիրապետում են ֆիզիկական ու քիմիական հողմնահարումները։ Առկա են կարստային երևույթներ։ Լանջերը մինչև 2000 մ անտառապատ են, ավելի բարձր՝ լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսածածկույթ է։