.webp)
Հնեվանք վանական համալիր, գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Կուրթան գյուղից արևելք, Գարգառ գետի աջ ափին։ Այժմ կիսավեր համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Գլխավոր եկեղեցին (VII դ.) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է (արևմտյան ուղղանկյուն խաչաթևը չի պահպանվել)։ Պատերը հիմնականում առանց երեսքարերի են: Բեմի մասը առաջ է ընկած ավագ խորանից: Հավանական է, որ աղոթասրահն ունեցել է արևելք-արևմուտք ձգվածություն: Ավագ խորանին կից ուղղանկյուն ավանդատներից հարավը ծածկված է խաչային, իսկ հյուսիսը՝ կիսագլանային թաղերով։ Եկեղեցու մուտքը եղել է արևմտյան թևից: Մեկական պատուհաններ են բացվում խորաններից և թմբուկի ճակատային նիստերից: Պատուհանները եզրագծված են եղել բուսական և երկրաչափական զարդանախշերով:
Թողնել մեկնաբանություն