2018 թվականի Մարտի 2-ին հատիս Տուրը դարձավ 37 տարեկան. 37 երկար ու ձիգ տարվա ընթացքում ակումբի նախագահ, սպորտի վարպետ Մարտին Մարտիրոսյանը կամ, ինչպես մենք ենք սիրում նրան դիմել` Մարտին Թաթոսիչը, մեծ պատրաստականությամբ և սիրով ղեկավարում ու կազմակերպում է արշավներ` ամենուր և բոլորի համար։ Այս տարիների ընթացքում նա ունեցել է շատ սաներ, մինչ օրս էլ արշավել տարբեր սերնդի ներկայացուցիչների հետ: Ես` ինքս, շատ մեծ ոգևորվածությամբ եմ միացել խմբին, թեեւ այդ ժամանակ շատերը կարծում էին, թե դա իմ տեղը չի կամ «հավեսս շուտով կհանեմ»։ 4 տարի է անցել այդ օրիվ, բայց «Հատիս»-ի հետ ամեն մի արշավից հետո ավելի մեծ ոգեվորությամբ եմ սպասում հաջորդին։ Մարդուն լավ ճանաչելու միջոցներից մեկը նրա հետ ճանապարհ անցնելն է` թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով։
Հատիս Տուրը 37 տարեկան է
Այս խմբում ձեռք եմ բերել ընկերներ, որոնց չէի ունենա համալսարանական կամ քաղաքային կյանքում։ Գրածս գնալով նմանվում է «ինչու ընտրել մեզ»-ի, բայց, հավատացնում եմ, որ ոչ թե 10, այլ 100 պատճառ կարող էի բերել, ինչի փոխարեն որոշեցի ընթերցողին մի փոքր ծանոթացնել խմբի հետ. Հատիս տուրի հետ ունեմ շատ հուշեր` թե լավ, թե ավելի լավ, բայց դժվարանում եմ բառերով ներկայացնել. դրանք պետք է ապրել, ապրել ոչ թե միայնակ, այլ` խմբով, ապրել թե դժվար, թե հեշտ, թե արևոտ, թե անձրևոտ պահերին ու հետո կարոտով նայել այդ օրերին։ Հատիս Տուրն այս տարի ևս կազմակերպել է վերելք բիբլիական Արարատ լեռ և հնարավորություն է ընձեռնել զգալ հայրենի հողի` ամենաբարձր կետի ուժը։ Շնորհակալություն եմ հայտնում Հատիսի ողջ անձնակազմին` բարեխիղճ և սրտացավ վերաբերմունքի համար։ Մաղթելով արևոտ և անփորձանք արշավներ, ավարտեմ հոդվածը։
Արեգ Ադուրյան
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն