.webp)
Հաղպատի վանական համալիր գտնվում է Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում` սարահարթի վրա: Այն հիմնադրվել է 976-ին Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ: Համալիրի կազմում են Ս. Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատուն, գրատուն, զանգակատուն, մի քանի մատուռ- դամբարաններ և խաչքարեր: Տարածքից դուրս են գտնվում աղբյուր-հուշարձանը և մի քանի փոքր եկեղեցիներ: Համալիրը 1996 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում: Սուրբ Նշան եկեղեցի - համալիրի այս հնագույն հուշարձանը (970-911 թթ.) կառուցել է Խոսրովանույշ թագուհին: Գտնվում է հուշարձանախմբի կենտրոնում և գմբեթավոր դահլիճ տիպի խաչագմբեթ ենթատիպին է պատկանում: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հորինվածքով է, անկյուններում երկհարկ ավանդատներով: Դուռն արևմտյան կողմից է` քանդակազարդ շրջանակով: Նկատվում են վերանորոգման հետքեր: Այս և վանքի մյուս շինությունները կառուցված են կապտավուն, սրբատաշ բազալտից, իսկ ներքուստ ծածկվել են որմնանկարներով: Ըստ ավանդության այն կառուցել է ճարտարապետ Տրդատը: Տաճարին հետագայում ավելացվել են եկեղեցու ավանդատները, որոնցից հյուսիս-արևելյանը որոշ ժամանակ անց հաղորդակցվել է բուն եկեղեցու հետ՝ նրա արևմտյան պատի մեջ բացված մուտքով: Կառույցը մեզ է հասել առանց էական վերափոխումների: X-XI դդ. վերանորոգվել է միայն գմբեթը: Գավիթ - Ս. Նշան եկեղեցուն արևմտյան կողմից կից է մեծ գավիթը, որը կառուցվել է XIII դ. 10-ական թթ.` 1185-ին իշխանուհի Մարիամի հիմնարկած տապանատան տեղում: Խոշոր ծավալներով է և համարվում է տվյալ ճարտարապետական ձևի ամենաակնառու կառույցներից մեկը: Հարուստ է վիմագրություններով: Ավագ խորանի որմնանկարներից մեզ է հասել առաջին շերտը, ուր պատկերված է գահին նստած Քրիստոսը: Նրանից ներքև եղել են Ավետման, Ծննդոց եւ Մկրտության տեսարանները:
Թողնել մեկնաբանություն