.webp)
Էրեբունի ամրոց պատմական հուշարձան, գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից: Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի): Այսօր արդեն 2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ հնագիտական հուշարձանն է Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում։
Թողնել մեկնաբանություն