Վերելք Ֆուձիյամա - Տուր դեպի Ճապոնիա

$3840 / յուր․ անձը

Ժամանակն է այցելելու «Ծագող արևի երկիր»՝ Ճապոնիա, ամենաէկզոտիկ երկրներից մեկը, երկիր, որտեղ շքեղությունն ու ավանդույթը կուղեկցի Ձեզ ամենուր։ Շրջագայության ընթացքում կծանոթանանք երկրի ֆանտաստիկ մայրաքաղաքին՝ Տոկիոյին, մի քանի այլ քաղաքներին, աշխարհում դարավոր ավանդույթներ ունեցող, ամենաարագ զարգացող երկրի մշակույթին և կենցաղին։ Իսկ լեռների սիրահարները գիշերային վերելք կկատարեն Ճապոնիայի ամենաբարձր գագաթը՝ Ֆուձիյամա սուրբ լեռը (բարձրություն՝ 3776 մետր)՝ գագաթին վայելելով ճապոնական տարբերվող լուսաբացը։ Պատրաստվեք հիացած հայրենիք վերադառնալուն։ Եվ այսպես, տուրի օրակարգին ծանոթացեք ստորև և մի՛ մոռացեք ամրագրել ձեր տեղը, քանի որ տեղերը սահմանափակ են։

23/07/2025 - 31/07/2025

Երևան - Տոկիո | ՕՐ 1

Ցանկացած ճանապարհորդություն սկսվում է թռիչքից։ Հագեք ձեզ հարմար հագուստ, կոշիկներ, քանզի մեզ սպասվում է մոտ 14,5 ժամ տևողությամբ թռիչք (1,5 ժամ ընդմիջումով)։ Գիշերը ժամը 04։00 ինքնաթիռը ուղղություն կվերցնի դեպի Տոկիո։ Հաշվի առնենք նաև այն, որ Հայաստանը և Ճապոնիան գտնվում են տարբեր ժամային գոտում. Ճապոնիան 5 ժամ առաջ է Հայաստանի ժամանակից։ Ուստի կլինենք Տոկիոյում ժամը մոտ 23։30-ին։

Գիշերակացը հյուրանոցում

Աշխարհի ամենախոշոր մեգապոլիս Տոկիոն | ՕՐ 2

Մենք պատրաստ ենք ուսումնասիրելու գերժամանակակից մայրաքաղաք Տոկիոն։ Մի պահ պատկերացրեք հսկայական մայրաքաղաքը՝ իր խելահեղ ռիթմով, որտեղ ապրում, աշխատում է շուրջ 37 միլիոն մարդ։ Մետրոյի միայն մի կայարանը օրական ընդունում է մոտ 3 մլն ուղևորի և գրանցված լինելով Գինեսի ռեկորդների գրքում՝ հանդիսանում է ամենահայտնի լոգիստիկ հանգույցը։ Այսօրվա ընթացքում կլինենք Տոկիոյի ամենահայտնի թաղամասերից մեկում ՝ Սինձուկույում (Синдзюку), կայցելենք կայսերական այգի, կտեսնենք տեղի տաճարը, կքայլենք երկնաքերերի ամենամեծ շրջանի փողոցներով, որոնք զարդարված են միլիոնավոր նեոնային լույսերով։ Երեկոյան քաղաքի տպավորություններով կկիսվենք հայտնի սրճարաններից մեկում, որտեղ էլ կհամտեսենք ավանդական ճապոնական ուտեստներ

Վերելք Ֆուձիյամա լեռ | ՕՐ 3-4

Ֆուձիյամա լեռ, որը երկրի խորհրդանիշերից մեկն է, և որը շատերի համար դարձել է երազանքի գագաթ։ Երբ ամբողջ երկրում օդի ջերմաստիճանը +35 աստիճան է, Ֆուձիյամա լեռան վրա այն հասնում է մոտ +20 աստիճանի, և հաճախ տեղում է անձրև։ Ուղղություն կվերցնենք դեպի Կավագուչիկո քաղաք, որտեղից բացվում է սուրբ Ֆուջիի տպավորիչ տեսարանը։ Այստեղ է, որ բոլոր լուսանկարիչները և զբոսաշրջիկները գալիս են հիանալու հրաբխով, գեղեցիկ լճերով և ազգային պարկի գեղատեսիլ լեռնաշղթայով: Հիանալուց հետո շարժվում ենք դեպի լեռան ստորոտ: Կհասնենք 2300 մետր բարձրության վրա գտնվող թիվ 5 կայարան, որտեղից էլ կքայլենք անտառի միջով, կհասնենք լեռան լանջին 2700 մետր բարձրության վրա գտնվող հյուրանոց, որտեղ էլ գիշերելու ենք։ 

Գիշերը ժամը մոտ 02։00-03։00-ին սկսում ենք վերելքը։ Էլ ինչ ծագող արևի երկիր, առանց արևի ծագող ճառագայթները վայելելու և զգալու, այն էլ Ֆուձիյամա լեռան գագաթից։ Հենց դրա համար էլ ընտրել ենք գիշերային վերելքը, որպեսզի վայելենք Ֆուջի լեռան արևածագը։ Վերելքը տևում է մոտ 3 ժամ, իսկ ճանապարհը ամբողջությամբ նման է սանդուղքի։ Այսինքն նույնիսկ անպատրաստ մասնակիցը ցանկության դեպքում կարող է ուխտագնացություն կատարել դեպի Ճապոնիայի սուրբ լեռը։

Ի դեպ, ճանապարհի մասին. Նախկինում Ֆուջի լեռը բարձրանալը հավասարեցվում էր իրական փորձության, որը կարող էին անցնել միայն խիզախ ու ուժեղ սամուրայները։ Այսպիսով, դուք կարող եք հպարտանալ ձեզնով։ 

Վայրէջքից հետո շարժվում ենք Տոկիո։ Կեսօրին արդեն կլինենք մեր հյուրանոցում։

Կիոտո քաղաք - Ճապոնիայի մշակութային կենտրոն | ՕՐ 5-6

Առավոտյան վաղ արթնանալուց, նախաճաշելուց հետո նստում ենք արագընթաց գնացքը, որը 300 կմ/ժ արագությամբ, Ֆուջիի համայնապատկերով մեկուկես ժամ ճանապարհից հետո մեզ կհասցնի Կիոտո քաղաք։ 794-1869 թվականներին Կիոտոն եղել է Ճապոնիայի մայրաքաղաքը, կայսրերի գլխավոր նստավայրը և, հետևաբար, դարձել է ճապոնական արվեստի, մշակույթի և կրոնի լավագույն շտեմարանը:

Կտեղավորվենք տարբերվող, ճապոնական ոճով հյուրանոցում։ Այս երկու օրերի ընթացքում կուսումնասիրենք Կիոտո քաղաքի տեսարժան վայրերը՝ հին Գոշո կայսերական պալատը, հայտնի Կինկակու-ջի ոսկե տաղավարը, Արևելյան գանձերի տաճարը, ռոք այգիները և բուսաբանական այգիները: Պատմությամբ հագեցած՝ կշարժվենք դեպի Գիոնի ամենահայտնի թաղամասը, որը հայտնի է ճապոնական սրճարաններով՝ թեյի պատրաստման արարողություններով, որոնք անպայման կփորձենք, և զբոսաշրջիկներին հյուրասիրող գեյշաներով։

Իսկ երեկոյան ցանկացողները կգնան Ֆունաոկա Օնսենի ջերմային բաղնիքներ։ Սա ամենահին և ամենահայտնի բաղնիքներից մեկն է՝ օնսենը, ծագող արևի երկրում, քանի որ բացի բաղնիքներից, որոնք հայտնի են օֆուրո հանքային ջրով և բուժիչ չինական խոտաբույսերով, կա նաև «էլեկտրական բաղնիք»՝ դենկիբուրո, որը թույլ էլեկտրական հոսանք է փոխանցում։ Ճապոնացիները կարծում են, որ այս պրոցեդուրան ամրացնում է մկանները և խթանում արյան շրջանառությունը։

Նարա քաղաք, աշխարհի ամենամեծ փայտե շինություն | ՕՐ 7

Նարա քաղաք ճանապարհորդելու օրն է այսօր. ճամփորդություն դեպի հայտնի քաղաք, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ փայտե շինությունը։ Կզարմանաք, եթե քաղաքի փողոցներում ամենուր տեսնեք հարյուրավոր եղջերուներ, որոնք հանգիստ, ազատ քայլում են փողոցներով։ Սա Նարա քաղաքն է՝ բուդդայական մշակույթի կենտրոնը և Ճապոնիայի հնագույն մայրաքաղաքը։ Նարան, որտեղ գտնվում էր կայսերական արքունիքը 710-784 թվականներին, այժմ հայտնի զբոսաշրջային կենտրոններից է: Ամեն տարի այս քաղաք է այցելում մոտ 14 միլիոն զբոսաշրջիկ։ Մարդիկ գալիս են տեսնելու հսկայական բրոնզե Բուդդան՝ աշխարհի ամենամեծ փայտե շինությունը, եղնիկներին, ծանոթանալու քաղաքի ճարտարապետությանն ու տարբերվող կոթողներին։ Այս ամենը կտեսնենք նաև մենք, որից հետո կշարժվենք դեպի Կիոտո քաղաք։

Կիոտո - Տոկիո | Օր 8

Առավոտյան ևս մի քանի ժամ Կիոտոյում անցկացնելուց, տեսարժան վայրեր այցելելուց հետո արագընթաց գնացքով ուղևորվում ենք մեգապոլիս Տոկիո։ Հյուրանոցում տեղավորվելուց հետո ողղություն կվերցնենք Տոկիոյում գտնվող աշխարհի ամենամեծ ձկան շուկա՝ Ցուկիջի անունով։ Մենք կուսումնասիրենք հայտնի Ցուկիջի ձկան շուկան, ձկան տեսակներ, որոնք երևի թե կյանքում չեք էլ տեսել որից հետո երեկոյան կայցելենք Տոկիոյի լավագույն առևտրի տարածքը՝ Շիբույա, որտեղ կենտրոնացած են հսկայական թվով խանութներ։ Ի դեպ, պարտադիր չի դուք այստեղ կատարեք գնումներ. Շատերը գնում են Շիբույա միայն նրա համար, որ ծանոթանան, ապշեն աշխարհի գերժամանակակից էլեկտրական սարքավորումներով։

Բուժիչ ավազաններն ու երեկոյան Տոկիոն | ՕՐ 9

Նմանատիպ ակտիվ ծրագրից հետո ինչը կարող է թեթևություն պարգևել, եթե ոչ ջերմային աղբյուրներն ու բուժիչ ավազանները։ Ուստի առավոտյան արթնանում և շարժվում ենք դեպի Օդայբո կղզու հանգստավայր, որտեղ լի է 17-19-րդ դարերում Ճապոնիայի սամուրայների շունչը։ Մենք կայցելենք 13 տարբեր տեսակի բնական ջերմային աղբյուրներ: Ի դեպ, հանգստավայր այցելելու համար բազմաթիվ մարդիկ կտրում են հազարավոր կիլոմետրեր, միայն թե վայելեն ջրային այս ավազանները, որոնք սնվում են անմիջապես գետնի տակ գտնվող 1400 մետր խորության վրա գտնվող ջերմային աղբյուրից։

Մինչ այժմ ձեր տեսած Տոկիոն էականորեն կտարբերվի երեկոյան Տոկիոյից։ Կքայլենք քաղաքի փողոցներում, կբարձրանանք Տոկիոյի քաղաքապետարանի շենքի վերին հարկերում գտնվող դիտահարթակ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի երեկոյան Տոկիոն։ Սա մեր շրջագայության վերջին օրն է։ Ինչպե՞ս, մենք վերադառնում ենք Հայաստան, առանց սովորելու ճապոնական սուշի պատրաստել։ Ոչ, ոչ, ոչ։ Մենք այդ սխալը կուղղենք հենց այսօր։ Երեկոյան կունենանք գալա ընթրիք, որի ընթացքում կսովորենք պատրաստել սուշի, կհամտեսենք ավանդական կերակուրներ և մտքով հրաժեշտ կտանք «Ծագող արևի երկրին»։

Վերադարձ հայրենիք | ՕՐ 10

Դե ինչ, յուրաքանչյուր լավ բան ունի իր ավարտը։ Վերադառնում ենք Հայաստան, անցնում ենք առօրյա կյանքին, աշխատում ենք և պատրաստվում ենք նոր ճանապարհորդությունների։ 

Մեկ անձի արժեքը կազմում է 3840 դոլլար։

Արժեքն իր մեջ ներառում է

Գիդ-ուղեկցորդ ճանապարհորդության ամբողջ ընթացքում

Ֆուձիյամա լեռան վերելքի թույտվության վճար, ուղեկցում

Կացություն (Հյուրանոցում - 5 գիշեր (երկտեղանի համարներում), ավանդական հյուրատանը - 1 գիշեր, կապսուլային հյուրանոցում - 1 գիշեր, լեռնային հյուրանոցում - 1 գիշեր)

Տեղափոխում տուրի ընթացքում (բացառությամբ գնացքի տոմսերի)

Դիմավորում - ճանապարհում

Տեսարժան վայրերի մուտքավճարները (ըստ ծրագրի)

Տեղական հարկերը

Վիզայի աջակցություն

Ապահովագրություն

Արժեքն իր մեջ չի ներառում

Ավիատոմսը Երևան-Տոկիո-Երևան (մոտ 1600 եվրո)

Ծրագրից դուրս տեսարժան վայրերի մուտքավճարներ

Սնունդ (յուրաքանչյուր օրվա համար մոտ 25 դոլլար)

Գնացքի տոմս (միանվագ մեկ անձը մոտ 250 դոլլար)

Անձնական այլ ծախսեր

Ինչ է անհրաժեշտ վերցնել Ձեզ հետ

Լավ տրամադրությունից բացի, խորհուրդ է տրվում վերցնել փոքր ուսապարկ կամ ճամփրուկ, քանի որ ծրագիրը իրենից ենթադրում է ակտիվ շրջագայություն, և հիմնականում ամեն օր մեկ հյուրանոցից տեղափոխվելու ենք մեկ այլ քաղաքի այլ հյուրանոց։ Լեռան վերելքի համար բավական է տաք հագուստն ու հարմարավետ կոշիկները։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Շրջագայության ծրագիրը, արժեքը հնարավոր է փոփոխվեն։ Փոփոխման դեպքում կազմակերպիչները գրանցված մասնակիցներին ծանուցում են էլ-փոստի միջոցով, ծանոթացնում են կատարված փոփոխություններին։ 

Տեղերը սահմանափակ են։ Խումբը բաղկացած է լինելու մինչև 16 մասնակցից։ Գրանցվել կարող եք մինչև 31/05/2024 թ-ը։

Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

1 Մեկնաբանություն

Արևիկ Պետրոսյան

Ես շատ եմ ուզում մասնակցել այս ճամփորդությանը ,բայց կախված աշխատանքից վերջնական կհաստատեմ ապրիլ ամսին

Թողնել մեկնաբանություն