.webp)
Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարց (Մարցաջուր) գետի ձախակողմյան ձորալանջի հարթակի վրա: Միջնադարյան (X-XIII դդ.) վանական համալիր է: Համալիրի հիմնական հուշարձանախումբը բաղկացած է իրար կից երկու եկեղեցիներից և գավթից, որից հարավ գտնվում են համալիրի մյուս կառույցները` Ս. Հարություն մատուռը («Ագռավիտապան»), Մամիկոնյանների տոհմական գերեզմանատունը, ձիթհանը: Ձորում գտնվում է վանքապատկան կամուրջը: Սուրբ Գրիգոր եկեղեցին համալիրի պահպանված հուշարձաններից հնագույնն է, որը թվագրվում է մոտավորապես X դ.: Հուշարձանախմբի հյուսիսային կողմում է: Ունի միանավ դահլիճ տիպի հորինվածք: Կառուցված է կոպիտ մշակված բազալտի մանրքարերով (հետագայում օգտագործվել է նաև ֆելզիտ): Պահպանվել են 3-4 մ բարձրությամբ պատերը: Սուրբ Աստվածածին եկեղեցի-համալիրի գլխավոր եկեղեցին է: Հյուսիսից կից է Ս. Գրիգոր միանավ եկեղեցուն: Գմբեթավոր բազիլիկ տիպի հուշարձան է: Աղոթասրահը եռանավ է` արևելյան կողմում հնգանիստ խորանով: Կառուցված է դեղնավարդագույն ֆելզիտի սրբատաշ քարերով: Ըստ հարավային պատի արձանագրության` կառուցել է Համազասպ Մամիկոնյանի թոռ Մարծպանը 1221 թ.:
Թողնել մեկնաբանություն