Ասկերանի շրջան

Ասկերանի շրջան Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Շրջանի մակերեսը կազմում է 1.222 կմ², բնակչությունը՝ 16.979 մարդ (2005 թ)։ Ունի 42 համայնք, 47 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Շրջկենտրոնը Ասկերան քաղաքն է։ Գտնվում է Արցախի տարածքի կենտրոնական մասում, ընդգրկում է Կարկառ գետի ավազանը։ Շրջկենտրոնը համանուն Ասկերան քաղաքն է։ Հարավում սահմանակից է Հադրութի, արևելքում՝ Մարտունիի և Աղդամի. արևմուտքում՝ Շուշիի և Քաշաթաղի, հյուսիսում՝ Մարտակերտի շրջաններին։

Պատմություն
Վերակազմվել է 1991-ին։ Ասկերանի շրջանի այժմյան տարածքը մինչև 1930-ական թվականները պահպանել է Խաչեն անվանումը, որից հետո կոչվել է Ստեփանակերտի շրջան. 1978-ից՝ Ասկերանի շրջան։ Տարածքի մի մասը՝ Կարկառի աջափնյա հատվածը, մտնում էր Արցախի Վարանդա, ձախափնյակը՝ Խաչեն գավառների մեջ։ 1887-1917-ին շրջանը մտել է Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։ Այժմյան տարածքի և Շուշիի շրջանի սահմաններում ձևավորվել է Խաչենի շրջանը՝ բաղկացած 5 համայնքներից (Դաշբուլաղ, Մալիբեկլու, Ասկերան, Կարմիրգյուղ և Բերդաձոր). որոնք ընդգրկել են 65 գյուղ և 2 քաղաք՝ Շուշի, Ստեփանակերտ)։ 1925-ին Խաչենի շրջանից առանձնացվել են Շուշին և Բերդաձորի գյուղերը. որոնց հիմքի վրա ստեղծվել է Շուշիի շրջանը։