Արատեսի վանք միջնադարյան հայկական ճարտարապետական այս վանական համալիրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:
Արատեսի վանք
Ս. Սիոն եկեղեցի - կառուցվել է X դ.: Միանավ թաղածածկ եկեղեցի է: ՈՒնի երեք ավանդատուն` խորանի 2 կողքերին և հյուսիսային պատին կից:
Ս. Աստվածածին եկեղեցի - գտնվում է Ս. Սիոն եկեղեցու հարավային կողմում: Կառուցված է XI դ.: Այն մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է:
Առաջին գավիթ - կառուցված է Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից: Սա համալիրի ամենաուշագրավ կառույցն է: Կառուցել է Սիրանես ճարտարապետը` 1270 թ.: Պատվիրատուներից և շինարարներից հիշատակվում են Հայրապետ աբեղան, Գրիգորիկը, Ստեփանոսը: Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով: Հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերն են ուղղված մեկական կիսակամար: Զույգ կամարների կենտրոնում, շրջագծային հիմքով շթաքարային գմբեթն է: Այժմ քանդված է:
Երկրորդ գավիթ - գտնվում է Ս. Սիոն և Ս. Աստվածածին եկեղեցիների միջև: Կառուցված է XIII դ.: Այն քառակուսի հատակագծով, արևելյան զույգ ավանդատներով կառույց է:
Մատուռներ 5 հատ - կառուցված են եկեղեցիների արանքներում:
Վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Վանքի տարածքում կան X – XVII դդ. խաչքարեր և տապանաքար: 1959-1961 թթ. վերականգնվել է գավթի խաչվող կամարներից մեկը` Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ: 1988-1989 թթ. Հուշարձանների պահպանության վարչության կողմից ամբողջությամբ հաշվառվել, համարակալվել և չափագրվել են եկեղեցիների բազմաթիվ բեկորներ: Վերականգնման նպատակով կատարվել են նախագծման աշխատանքներ:
Լուսանկար։ Cosmo Deus
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն