Արարատի մարզ

Մարզկենտրոնը` Արտաշատ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Արարատի շրջան, Արտաշատի շրջան, Մասիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   4 համայնք 
Գյուղական համայնքների թիվը`   93 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   94 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,096 կմ²
Ընդհանուր ցամաքային տարածքը`   2,010 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   311,400
Բնակչության խտությունը`   148.6/կմ² 
Հապավումներ`   Փոստային ինդեքսը`   0601-0823

Արարատի մարզը գտնվում է Հայսատանի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի մարզին և Վայոց Ձորի մարզին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիաին։

Բնական պայմանները

Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը: Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է: Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով: Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածն է: Արևելքում Մժկատար լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան. սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երախի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։
Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։
Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։
Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները` Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն: Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։
Արարատի մարզում տարածված են ՀՀ-ում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ: Բայց սրանցից հիմնականներն են կիսաանապատային (Արարատյան հարթավայրում), չոր տափաստանային (միջին բարձրության լեռներում), ալպյան (Գեղամա լեռնաշղթայի լանջերին)։
Պայմանավորված Հայկական լեռնաշխարհի լեռնային մակերևույթով` այս ամբողջ տարածաշրջանում` այդ թվում Արարատի մարզում, կլիման ենթակա է վերընթաց գոտիականության: Մասնավորապես այս մարզում առկա են ՀՀ-ում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը, որոնք հարթավայրային շրջաններից մինչև լեռնային շրջաններ իրար հաջորդում են հետևյալ հաջորդականությամբ.

• չոր խիստ ցամաքային
• չոր ցամաքային
• չափավոր ցամաքային
• բարեխառն
• ցուրտ լեռնային
• ձյունամերձ

Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձրալեռնային շրջանների միջև տատանվում է +10°C-ի և -2°C-ի միջև: Հունվարյան միջին ջերմաստիճանն է այդ շրջաններում համապատասխանաբար -6°C և -12°C, հուլիսյան ջերմաստիճանը` +26°C և +8°C, միջին տարեկան տեղումները` 200մմ և 1000մմ: Ցածրադիր շրջաններում դիտված բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններն են -33°C և +42°C, ընդ որում վերջինս Հայկական լեռնաշխարհում դիտարկված բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է և այն գրանցվել է Արարատյան հարթավայրի հարավ-արևելքում: Ընդհանուր առմամբ Արարատի մարզը աչքի է ընկնում կլիմայի չորությամբ:

Պատմամշակութային հուշարձաններ

Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են Լուսառատ գյուղից 1.6կմ հյուսիս-արևմուտք գտնվող բլուրների վրա տեղադրված Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը` Հնաբերդ և Վերին Արտաշատ գյուղերի միջև ընկած բլրի վրա, Տափի բերդ-ամրոցը եկեղեցիով ( որը կոչվում է Գևորգ Մարզպետունու անունով)` Ուրցաձոր գյուղից 6-6.8 կմ հյուսիս-արևելք, Հավուց Թառ վանական համալիրը` Գառնի գյուղից 2.8-3.4 կմ արևելք, XII դարի Սուրբ Կարապետ վանքը` Լանջառ գյուղից 5.7-6.3 կմ արևմուտք-հյուսիս-արևմուտք, Կաքավաբերդը (Գեղիի կամ Քեղիի բերդ)` Գառնի գյուղից 12.3-13 կմ արևելք-հարավ-արևելք, Աղջոց վանքը` Գառնի գյուղից 6.1-6.5 կմ արևելք-հարավ-արևելք:

Արարատի մարզի բնակչությունը

Հայկական պետության վերելքների ու անկումների հետ մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում: Այժմ բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ, քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում:
Տարածքի հարթավայրային` փոքր մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:

Արարատի մարզի քաղաքները

Մարզի ամենախոշոր քաղաքը մարզկենտրոն Արտաշատն է: Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10կմ հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը:
Արտաշատը Հայաստանի Հանրապետության միջին մեծության քաղաքներից է, որն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Նա այդպիսին է դարձել վերջին 3-4 տասնամյակների ընթացքում, երբ մեկը մյուսի հետևից կառուցվեցին գինու, մրգի պահածոների, կաթի, հախճապակու, խեցեգործական իրերի, կահույքի ու մանվածքային գործարանները, ընդարձակվեց կրթական, մշակութային ու առողջապահական հիմնարկների ցանցը:
Արարատի մյուս քաղաքներն են` Արարատը, Մասիսը և Վեդին: Արարատը առավել հայտնի է որպես ծանր արդյունաբերության կենտրոն. այստեղ են գտնվում ցեմենտի գործարանը և ոսկու կորզման ֆաբրիկան: Մասիսին և Վեդուն բնորոշ են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Մասիսը նաև խոշոր երկաթուղային ապրանքային կայարան է, որն ունի միջմարզային նշանակություն և սպասարկում է Երևան: