Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի

Անին (այլ կերպ Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի) Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկն է, գտնվում է Շիրակում՝ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։

  • Ani City of 1001 Churches / Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի

Անի մայրաքաղաքի մասին

Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում։ Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961 թ հռչակեցին մայրաքաղաք։

  • About the capital of Ani / Անի մայրաքաղաքի մասին
  • About the capital of Ani / Անի մայրաքաղաքի մասին
  • About the capital of Ani / Անի մայրաքաղաքի մասին

Անիի պարիսպները

Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց։ Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը։ Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։

  • Ani's walls / Անիի պարիսպները
  • Անիի պարիսպները / Ani's walls
  • Ani City of 1001 Churches / Անի մայրաքաղաքի մասին

Անի բերդաքաղաքի ճարտարապետությունը

Ճարտարապետական հոյակապ շինություններով մայրաքաղաքի կառուցապատումը շարունակվեց նաև հետագա տասնամյակներում։ Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ։ Այնտեղ կառուցվել էին տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, շքեղ հյուրանոցներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր։ Ժողովրդի ասելով՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի։ 961 թ Աշոտ Ողորմածը դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ 989 թ Սմբատ Բ արքան կառուցում է Սմբատաշեն պարիսպը, որն ուներ 2500 մ երկարություն, 8-10 մ բարձրություն։ Այն ավարտվում էր ատամնաշարով։ Պատերից մեկի վրա Սմբատ Բ-ի քանդակն էր, ձեռքում՝ քաղաքի մանրակերտը։

  • Architecture of Ani Fortress / Անի բերդաքաղաքի ճարտարապետությունը

Տեղեկություններ բեդաքաղաքի մասին

Քաղաքն ունեցել է 40 դուռ, ամրոցը շրջապատվել է խորը փոսով։ Ախուրյան գետի վրա կառուցվել է կամուրջ, որը թշնամու հարձակման ժամանակ բարձրացվում էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ, ըստ արհեստների, զբաղեցնում էին ամբողջական թաղամասեր։ Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 – 4000 քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։ Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։

  • Անի / Տեղեկություններ բեդաքաղաքի մասին
  • Ախուրյան գետի վրա կառուցվել է կամուրջ․․․

Անին և մետասքի ճանապարհը

Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։ Չինաստանից ներմուծվում էր մետաքս և ճենապակի, Բյուզանդիաից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակեղեն, ներկեր, Պարսկաստանից՝ ճենապակի և այլն։ Անին նաև արդյունաբերող քաղաք էր. այստեղ արտադրվում էին բարձրորակ խեցեղեն, պղնձե իրեր, գորգեր, ոսկուց, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեղեն, զենք, որոնք լայն պահանջարկ ունեին։ Անիի պեղումների ընթացքում հայտնաբերված կիրառական արվեստի նմուշները աչքի են ընկնում բազմազանությամբ, ոճերի և ճաշակների խայտաբղետությամբ։ Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի ․․․

  • Ani and Silk Road / Անին և մետասքի ճանապարհը

Լուսանկարները՝ Արթուր Մարտիրոսյանի