Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ադրբեջանի Հանրապետությունում տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը (Նախիջևան), Վրաստանում՝ Ջավախքը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։
Հայկական լեռնաշխարհ
Հայկական բարձրավանդակ
Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 - 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սաբալանը (Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), չորրորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ), հինգերորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 058 մ)։
Հայկական լեռնաշխարհը և նրա սահմանները
Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունը կերտել հայ ժողովուրդը: Այն բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Բարձրավանդակն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով ու միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով ու արագահոս գետերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Ամենաբարձր կետը Արարատ լեռն է, որն ունի 5165 մետր բարձրություն։
Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը
Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում սահմանը Փոքր Կովկասով հասնում է մինչև Ղարադաղի լեռներ ու Սոհունդ լեռ։ Թեքվելով դեպի Ուրմիո լճի կողմը՝ ներառում է լճի ափամերձ գավառները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային: Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս: Հասնելով Եփրատ գետին՝ արևմտյան սահմանը Անտիտավրոս լեռներով հասնում է Սև ծովին ու Արևելապոնտական լեռներին։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»: Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն