Ախուրյան գետ

Ախուրյան գետ / Ախուրյանը Հայաստանի գետերից է, որը սկիզբ է առնում Ղուկասյանի սարահաթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է (տարեկան 900 մլն խոր մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս, Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։

  • Akhuryan River / Ախուրյան գետ / Река Ахурян

Լուսանկարը՝ Արթուր Մարտիրոսյանի

Ախուրյան գետի երկարությունը

Ախուրյանն ունի 205 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին`   Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։