
Աղթամար Կղզի նաև Ախթամար այն Վանա լճի ներկայիս չորս կղզիներից (միջնադարում Վանա լճի կղզիների թիվը 7 էր) ամենանշանավորն է։ Գտնվում է Վանա լճի հարավարևելյան մասում։ Աղթամարը գտնվում է օվկիանոսի մակարդակից 1662-1912 մ բարձրության վրա։ Ամենաբարձր կետը Բարձր-քարն է (1912 մ)։ Տարածությունը՝ մոտ 0.7 կմ², հեռավորությունը ցամաքից՝ 3-3.5 կմ։ Ափերի ընդհանուր երկարությունը՝ մոտ 4 կմ։ Արևմուտքից Աղթամարին մոտ է Առտեր կղզին։ Աղթամարի հարավային և հարավարևմտյան ափերը ժայռոտ են, երբեմն՝ զառիթափ (լճի մակարդակից 200-250 մ բարձր)։ Դեպի արևելք ցածրանալով՝ կղզու մակերևույթը վեր է ածվում տափարակ հարթության։ Առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Կազմված է կրաքարերից և ավազաքարերից։ Մթնոլորտային տեղումները՝ մինչև 500 մմ։ Հիմնականում ծածկված է տափաստանային բուսականությամբ։ Ծառածածկույթում գերիշխում են թփուտները և նշենիները։ Քաղցրահամ ջրի աղբյուրները բացակայում են։
Թողնել մեկնաբանություն