Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները

Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը: Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։

Երկրի լեռնային ռելիեֆի և արտաքին ազդակների հետևանքով Հայկական լեռնաշխարհի բնականպայմանները՝ կլիման, հողերը, բույսերը, կենդանիները, բազմազան են։ Դրանք բոլորը ենթարկված են ուղղաձիգ գոտևորման օրենքին։

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթները ստորև՝

1․ Արարատ լեռ (Մասիս) 5165 մ

  • Արարատ լեռ

Արարատ լեռը հանգած հրաբուխ է Հայկական լեռնաշխարհում՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)։ Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր լեռն է։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։

Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրության։

2․Սաբալան լեռ 4811 մ

  • Սավալան լեռ

Սաբալան լեռ Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ երկրորդ գագաթը՝ Արարատից հետո, Իրանի տարածքում։ Գտնվում է բարձրավանդակի ծայր արևելքում՝ Հայկական լեռներում։ Իրանական Ատրպատականի ամենաբարձր գագաթն է, հանգած հրաբուխ։ Բարձրությունը 4 811 մետր է։

Կազմված է անդեզիտներից, տրախիտներից, տուֆերից։ Հնագույն խառնարանի եզրերը մասնատված են կառերով, նրա հյուսիսային լանջին կան սառցադաշտ, հատակին՝ լիճ, հարավային լանջին՝ ծծմբային տաք աղբյուրներ։ Գագաթը ամբողջ տարին ծածկված է ձնով։

3․ Ջիլո լեռ 4135 մ

  • Ջիլո լեռ

Ջիլո լեռ Հայկական լեռնաշխարհի հարավային մասում, Կորդվաց լեռների ամենաբարձր լեռնագագաթը բարձրությունը 4135մ։ Հայկական լեռնաշխարհի՝ բարձրությամբ երրորդ լեռնագագաթն է։

Ծալքաբեկորային է՝ կազմված մեզոզոյի թերթաքարերից, քվարցիտներից, մերգելներից։ Լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ գոտի։ Գագաթին կան հնագույն սառցապատման հետքեր։

4․Արագած լեռ 4090

  • Արագած

Արագած լեռ հրաբխային քառագագաթ Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածում։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթնէ, որն ունի 4090 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ²

տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում)։

5․Սիփան լեռ 4058 մ

  • Սիփան լեռ

Սիփան լեռ հանգած հրաբուխ Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի հյուսիսում։ Բարձրությունը ծովի մակարդակից 4058 մ է։ Հայկական լեռնաշխարհի հինգերորդ գագաթն է։

Սիփանի բարձունքներին ձնհալից գոյացել են երկու լճակներ, որոնց ջրերը Ծաղկանց լեռներից հոսող գետակների հետ սնում են Վանա լիճը։ Սիփանը անտառներ չունի, սակայն լանջերը ծածկված են ալպիական կանաչությամբ և գույնզգույն ծաղիկներով։