Հայկական լեռնաշխարհը և դրա սահմանները

Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը: Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։ Հայկական լեռնաշխարհում հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։

Սահմաններ

Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում սահմանը Փոքր Կովկասով հասնում է մինչև Ղարադաղի լեռներ ու Սոհունդ լեռ։ Թեքվելով դեպի Ուրմիո լճի կողմը՝ ներառում է լճի ափամերձ գավառները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային: Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս: Հասնելով Եփրատ գետին՝ արևմտյան սահմանը Անտիտավրոս լեռներով հասնում է Սև ծովին ու Արևելապոնտական լեռներին։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով այն անվանել են «լեռնային կղզի»: Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։

Երկրում հիմնականում տարածված են հրաբխային սարահարթեր և առանձին լեռնազանգվածներ, բեկորային ու ծալքավոր լեռներ, տեկտոնական իջվածքներ։

  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայկական լեռնաշխարհ

Փոքր Կովկաս

Փոքր Կովկասի լեռնահամակարգն ունի ծալքավոր կառուցվածք։ Այն սկսվում է Վրաստանի ծովափին գտնվող Բաթում քաղաքից և աղեղնաձև շարունակվում է մինչև Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի:

Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է (3906 մ)։ Փոքր Կովկասի լեռները խոնավ են ու անտառապատ։ Փոքր Կովկասին կից են Գեղամա հրաբխային լեռնաշղթան և Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը՝ Արագած լեռնագագաթը՝ 4096 մ բարձրությամբ։

Արևելապոնտական լեռներ

Արևելապոնտական կամ Խաչքարի լեռները Պոնտական լեռնային համակարգի բաղկացուցիչ մասն են։ Հյուսիսից եզերում են Հայկական լեռնաշխարհը։ Լեռնահամակարգը ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 400 կմ է, լայնությունը՝ մինչև 100 կմ, բարձր կետը՝ մինչև 3 937 մ (Քաջքար լեռ)։

Հայկական Տավրոսը

Հայկական Տավրոսը կազմում է Տավրոսյան լեռնահամակարգի արևելյան՝ ամենաերկար հատվածը։ Ձգվում է Ջահան գետի ակունքներից (Կիլիկիա) մինչև Ուրմիա լճի մոտերքը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1 800 — 2 300 մ։ Բարձր կետը Ջիլոն (4 168 մ) է՝ լեռնաշխարհի հարավային սահմանին՝ Կորդվաց (Քրդստանի) լեռներում:

Կարդացեք նաև՝ «5 ամենաբարձր գագաթները»

  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայկական լեռնաշխարհ