Գյումրի

  • Քաղաք Գյումրի

Գյումրի (հին անվանումներ՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական): Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, եւ Շիրակի մարզի կենտրոնն է, որ գտնվում է երկրի հյուսիս-արեւմտյան մասում:  Իր երեքհազարամյա պատմությամբ լինելով Հայաստանում ամենահին բնակավայրերից մեկը՝ Գյումրին մի հրաշալի վայր է այցելելու եւ հիանալու համար: Քաղաքի անունը մի քանի անգամ փոխվել է: Ի սկզբանե հիմնադրվել է որպես Կումայրի, ապա վերանվանվել Ալեքսանդրապոլ 1837-ից 1924 թվականների ընթացքում ռուսական կառավարության ներքո: Ապա սովետական ժամանակաշրջանում կոչվել է Լենինական, իսկ 1990թ.-ից անվանվել Գյումրի:

Յուրաքանչյուր անունն իր հետ բերել է պատմության նոր շրջան, նոր քաղաքակրթություն եւ նոր մարդիկ:

 

Գյումրի. աղետի գոտուց վերականգնման գոտի

Լենինանականի վերանվանումը Գյումրի կապված է անկախության հետ, երբ քաղաքը իր վրա կրեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ամենածանր ու ամենադաժան հետևանքաները և արդեն նոր սկսված Արցախի ազատամարտերի ազդեցությունը: 1992 թվականից քաղաքը ապրում էր դժվարին պայմաններում՝ կորցրած լինելով իր բնակարանային ֆոնդի 60%-ը: Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը հարված հասցրեց քաղաքային կյանքին: Վառելիքի պակասի պատճառով հասարակական տրանսպորտային փոխադրումները դադարեցվեցին: Փակվեցին կամ իրենց գործունեությունը գրեթե դադարեցրին քաղաքի բոլոր գործարանները:

Դրական փոփոխություններ իրականացվեցին 1999-2002 թվականների ընթացքում, երբ կառավարությունը  ընդունեց Աղետի գոտու վերականգնման և զարգացման համալիր ծրագիրը:
Այս ընթացքում Լինսը, Հանթսմենը և Կարմիր Խաչը սկսեցին իրենց նախագծերը: Ջոն Հանթսմենի նախաձեռնությամբ Գ. Նժդեհ փողոցի վրա ձևավորվեց փոքր թաղամաս: Լինսի և Կարմիր Խաչի հիմնադրամների նախաձեռնությամբ մոտ երկու տասնյակ բնակարանային շենքեր վերակառուցվեցին, ճանապարհներ ասֆալտապատվեցին, Վ. Աճեմյանի անվան թատրոնը վերանորոգվեց, ինչպես նաև Ասլամազյան քույրերի թանգարանը և այլ հասարակական կառույցներ: Նույն ժամանակահատվածում զգալի աշխատանքներ տարվեցին դպրոցաշինության, առողջապահության և սպորտային կառույցների ուղղությամբ:
Արդեն 2008 թվականին նախագահ Ս. Սարգսյանը իրականացրեց Աղետի գոտում բնակարաշինության ծրագիրը, որի արդյունքում մոտ 3000 ընտանիքներ ապահովվեցին բնակարանով:

 

Գյումրի. մշակույթի, նորարարության և տեխնոլոգիական վերածնվող կենտրոն

Գյումրին միշտ եղել է մշակույթի և նորարարության քաղաք: Այն հնում համարվել է արվեստի և արհեստի կենտրոն:  Այն տաղանդավոր արվեստագետների, գրողների և արհեստավորների օրրան է: Գյումրիում է ցուցադրվել առաջին օպերան՝ Արմեն Տիգրանյան <Անուշ> օպերան 1912թ.-ին Ալեքսանդրապոլում:

1988 թվականի երկրաշարժը ավերեց հարյուրավոր արվեստների դպրոցներ և մշակութային կենտրոններ: Երկրաշարժից հետո գյումրեցիները մեծ ջանքերով փորձում էին վերականգնել մշակութային և նորարարական ավանդույթները վերածնվող քաղաքում: Վերջիվերջո, 2013 թվականին Գյումրին վերականգնեց իր մշակութային մայրաքաղաքի տիտղոսը և ճանաչվեց ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք:

Բացի արհեստից և արվեստից տեխնոլոգիական ոլորտը նույնպես դարձել է քաղաքի կարեւորագույն մասը: Դեռևս  Սովետական միության տարիներին քաղաքը մեխանիկական ինժիներիայի  և որակավորված մասնագետներ պատրաստող կենտրոն էր:  Հայաստանի Կառավարության, ՁԵռնարկությունների զարգացման ինկուբատոր հիմնադրամի համատեղ ջանքերով և Համաշխարհային բանկի աջակցությամբ 2014 թվականին Գյումրիում բացվեց Տեխնոլոգիական կենտրոն, որի հիմնական նպատակն է զարկ տալ քաղաքում տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը և համապատասխան պայմաններ տրամադրել ստարթափ ընկերությունների զարգացման համար:

 

Աղբյուրը՝  visitgyumri.com