Դիլիջան

  • Դիլիջան

Դիլիջանը գտնվում է Հայաստանում՝ Տավուշի մարզում, Աղստև գետի ափին։ Որպես առողջարան, քաղաքին 1958 թվականին տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։ 1996 թվականից, որպես վարչական միավոր մտնում է Տավուշի մարզի մեջ։

Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։

Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և բուհերի 2 մասնաճյուղեր։ Քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ։

Քաղաքը զբոսաշրջային և բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյան հայտնի զբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս-Պրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ։

Իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը։

2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC):

Ասում են, թե հայրը իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում։ Ճանապարհին՝ անտառների միջով անցնելիս, որդին կորչում է։ Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ։ «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» կանչելով նա ման է գալիս անտառներում։ Վերջապես, մի տեղ, բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերից հոշոտված։ «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» սկսում է սուգ անել հայրը` ընկնելով որդու դիակի վրա։ Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան։