Ազատ Գետ

  • Գետ Ազատ
  • Գետ Ազատ
  • Գետ Ազատ

Ազատ գետը գտնվում է Հայաստանում՝ Արարատի և Կոտայքի մարզերում (հիմնական մասը բաժին է ընկնում Արարատի մարզին)։ Երկարությունը՝ 55 կմ, ջրահավաք ավազանի մակերեսը՝ մոտ 550 կմ2։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավարևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։

Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքս։

Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթ գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։